Արտաշս հենց նոր դասից եկավ, ստացած դասագրքերը շարեց դարակում ու դրանցից մեկը վերցրած՝ դարձավ ինձ․
- Պապ, առաջին օրվա համար մենակ մի խնդիր տվեց, կօգնե՞ս լուծենք։
- Հլը կարդա, բալես։
- Ուրեմն, հեծանվորդը Ա կետից դուրս եկավ ու շարժվեց Բ կետ․․․
- Ասեմ՝ իմանաս, եթե դա հեծանվորդ ա, ուրեմն Ա կետը արդեն հանձնել ա ու գնում ա Բ կետ, որ էդ Բ-երին քյոլմստի ու դրանց կետն էլ հանձնի։
- Բայց պապ, հլը պայմաններին չեմ հասել, թող մինչև վերջ կարդամ։
- Կարդա, ազիզ ջան։
- Հեծանվորդը գնում էր ժամում 25 կիլոմետր արագությամբ…
- Հլը դրան տես, է՜, արդեն ոտը կախ ա գցում։ Առաջ քամու արագությամբ էր հանձնում, հիմա հետույք ա խաղացնում, որ թանկ ծախի․․․
- Պա՛պ։
- Հա, տղես։
- Ա կետից մինչև Բ կետ հեռավորությունը 50 կիլոմետր է...
- Պահո՜, տես ընթացքում ինչեր են պարզվում։
- Ինչե՞ր։
- Հեշտ ես ասում՝ 50 կիլոմետր։ Բայց խաբա՞ր ես՝ էդ 50 կիլոմետրը քանի անգամ ա ասֆալտել տվել ու էնպես, որ մի քանի ամսից քանդվի։ Մենակ դրանից արդեն մի քանի միլիարդ դրել ա ջեբը․․․
- Պաաա՜պ։
- Հա, ազիզ ջան։
- Ես վաղը ի՞նչ ասեմ դասատուին։
- Հենց էդպես էլ ասա։ Ասա, որ դա Բ կետով կշտացողը չի։ Դրա ձեռը սովոր ա, Գ-ն էլ ա հանձնելու, Դ-ն էլ։ Ու ընդհանրապես՝ մինչև Ֆ սաղ կետերը ասֆալտելու ա ու հանձնի։ Ես լավ եմ ճանաչում էդ․․․ էդ․․․ հեծանվորդին։
Կարո Վարդանյան